Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Պարտադրում են ուրանալ ու մոռանալ այդ ամենը

Պարտադրում են ուրանալ ու մոռանալ այդ ամենը
30.11.2025 | 11:39

Դժվար է հիշել ու վերապրել այն ամենը, ինչի միջով անցել ես՝ այսքան երիտասարդ և այսքան դաժան պատմությամբ։ Երբ կողքիդ կորցնում ես ամենահավատարիմ ընկերներիդ, որոնց հույսով կանգնած էիր մարտի դաշտում և կարծում էիր, որ նրանք առաջինը քեզ կօգնեն, բայց մի վայրկյանում ամեն բան այնպես է փոխվում, որ երբեք նույնիսկ չես պատկերացնում։ Մի վայրկյանում հենց քո կողքին կորցնում ես երեք հավատարիմ ու մարտական ընկերներիդ, ինքդ հայտնվում ես անգիտակից վիճակում, ջարդվում են երկու ձեռքերդ և ոտքդ։ Այս ամենը տեղի է ունենում մի ակնթարթում, և այդ պահին կողքիդ ոչ ոք չկա՝ ոչ մի հարազատ, ոչ մի քեզ սիրող մարդ։ Դու մենակ ես՝ ջարդված և արյունահոսող ձեռքերով ու ոտքերով։

Եվ հենց այդ պահին Աստված քեզ պարտադրում է, որ պիտի քո ուժերով կանգնես ոտքի, որ պիտի ջարդված ձեռքերով ու ոտքով մարմինդ քարշ տաս և գտնես քո փրկությունը։ Դաժան կյանքի դաս չէ՞… Դաժան է ապրողների համար, տեսածների համար, և շատերի համար գուցե պարզապես մի տխուր պատմություն, գուցե վատ տեքստ, գուցե մեկ մարդու պատմություն։ Բայց այն ապրողի համար՝ դա հավերժական հոգու և մարմնի ցավ է։ Հոգու ցավ է այն, երբ տեսնում ես, որ թանկագին ընկերներիդ անշնչացած մարմիններն են կողքիդ ընկած, և հենց այդ պահին սկսվում են նաև սեփական մարմնական տառապանքներդ։ Երկուսն էլ միասին են հարվածում քեզ, և այդ ցավի չափը պարզապես անհնար է բառերով բացատրել։

Ինչու եմ գրում այս տողերը․ օրերս ԱԺ-ում իմ ունեցած ելույթը ոմանք չէին ընկալում, որովհետև նրանք չեն տեսել այն, ինչ հիմա նկարագրում եմ։ Գրում եմ, որովհետև կան մարդիկ, ովքեր պարտադրում են ուրանալ և մոռանալ այդ ցավերը, բայց Աստված ինձ այնպես կապեց այդ ցավերի հետ, որ ոչ մի դեպքում չկարողանամ մոռանալ։ Թեկուզ եթե մի օր ուզենամ մոռանալ, անգամ եթե պարտադրեն մոռանալ, միևնույն է՝ չեմ կարողանալու։ Այդ ցավերը ինձ ուղեկցում են ամեն պահ, արդեն հինգ տարի՝ հոգեպես (որը գրեթե ոչ ոք չի հասկանում ու չի տեսնում), և ֆիզիկապես՝ ինչը շատերն են տեսնում, բայց քչերն են հասկանում, թե իրականում ինչ է դա։

Դաժան վարվեցին մեր հանդեպ, շատ դաժան։ Եվ ինչի համար՞։ Ախր ինչ էինք արել մենք իրենց։ Ինչու խփեցին թիկունքից, ինչու են հալածում, ինչու են հոշոտում, ինչու չեն հանգստանում ի վերջո։ Ի՞նչ էին արել այդ 18 տարեկան անմեղ տղերքը։ Ինչու այդպիսի դաժան ձևով հարվածեցին, և հիմա էլ պարտադրում են ուրանալ ու մոռանալ այդ ամենը։ Թե ինչպես ենք դիմացել ու դիմանում՝ միայն Աստծուն է հայտնի։ Բայց Աստված զորավոր է, և Աստծով էլ հաղթելու ենք չարին։

Լուսանկար՝ 2020թ. 44-օրյա պատերազմ

Մանուել Մանուկյան

30.11.2025թ

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ